ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ ՀՆՉԵՑ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ

Այսօր՝ հունիսի 4-ին, Պոլիտեխնիկի Ավագ դպրոցի 12-րդ դասարանցիները տոնեցին Վերջին զանգը: Մինչ միջոցառման սկիզբը, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակվածների հիշատակը։ Դպրոցի աշակերտները իրենց հուզառատ ու հայրենասիրական երգերով ու խոսքերով ցույց տվեցին, որ միասնական են թե՛ հաղթանակի, թե՛ կորստի պահին, ինչպես նաև պատրաստ՝ ցանկացած պահի լինել սահմանին:

Վերջին զանգի արարողությանը ներկա էին ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը, Ավագ դպրոցի տնօրեն Ալֆրեդ Պետրոսյանը, տնօրենի տեղակալ Նելլի Համբարձումյանը, Ուսանողական խորհրդի նախագահ Գևորգ Հարությունյանը, բուհի ինստիտուտների տնօրենները, ուսուցիչները, ծնողներն և աշակերտները:

Մի քիչ հուզված, բայց նաև հպարտությամբ, աշակերտները հրաժեշտ տվեցին իրենց կրթօջախին՝ խոստանալով միշտ բարձր պահել հարազատ դարձած դպրոցի պատիվը: Գեղեցիկ բանաստեղծություններով, շնորհակալական խոսքերով ու երաժշտական կատարումներով շրջանավարտներն իրենց երախտիքի խոսքն ուղղեցին ուսուցիչներին և բոլոր ներկաներին։

«…Դպրոցը միայն շենքը չէ, ուր հաճախել ենք երկար տարիներ, դպրոցը մենք ենք՝ աշակերտներս և սերնդեսերունդ լույս տարածող մեր ուսուցիչները… Շնորհակալ ենք Ձեզ գիտելիքի հանդեպ սերը մեր մեջ սերմանելու և մեր հայեցի դաստիարակության համար… Սա վերջը չէ, այլ նորի գեղեցիկ սկիզբ…», – այս ուղերձներով էլ շրջանավարտները հրաժեշտ տվեցին Պոլիտեխնիկական համալսարանի Ավագ դպրոցին՝ իրենց հետ տանելով հույսեր, հույզեր, երազանքներ ու տարիների շունչ ունեցող հեքիաթ, որում փակվում են մանկության դռներն ու բացվում երիտասարդության դռները:

Աշակերտներին շնորհավորեց և բարի երթ մաղթեց ՀԱՊՀ ռեկտոր Գ․ Վարդանյանը՝ առաջին հերթին շնորհակալություն հայտնելով Ավագ դպրոցի տնօրինությանն ու ուսուցիչներին՝ մասնագիտական հմտություններն ու կարողություններն աշակերտներին փոխանցելու և հոգատարության համար: «Միջոցառման սկիզբը կարևոր էր, կարևոր է հիշել մեր ընկած տղաներին, որոնց տեղը դուք պետք է լրացնեք Ձեր գիտակցված ու տրամաբանված գործունեությամբ։ Դուք արդեն պոլիտեխնիկական մեծ ընտանիքի կրտսեր անդամներն եք, որոնցից շատերին մենք ամիսներ հետո դիմավորելու ենք, որպես առաջին կուրսեցիների։ Մաղթում եմ, որ կյանքում լինեք ուրախ, հաջողակ, անփորձանք և ինչու չէ, Ձեր Ալմա Մատերի հանդեպ ունենաք պատասխանատվության զգացում, բարձր պահելով Պոլիտեխնիկի պատիվը», – նշեց ռեկտորը։ Նա նորավարտ աշակերտներին հորդորեց անկախ ընտրած մասնագիտությունից՝ լինել ազնիվ մարդ, պիտանի ու հայրենասեր քաղաքացի:

Ավագ դպրոցի տնօրեն Ա․ Պետրոսյանը շնորհավորելով շրջանավարտներին համոզմունք հայտնեց, որ Ավագ դպրոցի աշակերտները միշտ բարձր են պահելու դպրոցի բարի համբավն ու պատիվը, քանի որ դպրոցում ստացած իրենց գիտելիքները կայուն են ու իրենց կուղեկցեն ամբողջ կյանքում։ «Ժամանակակից աշխարհում տեղի են ունենում լրջագույն փոփոխություններ։ Արագ կողմնորոշվող և փոփոխություններին հարմարվող մարդկանց համար այսօր շատ ընկալելի ժամանակաշրջան է։ Մեզ պետք է այնպիսի սերունդ, որը կարող է ապրել արագ փոփոխվող այս աշխարհում և գրավել իր տեղը։ Մաղթում եմ ձեզ կանաչ ճանապարհ։ Մենք ձեզ սիրում ենք», – ասաց Ա․ Պետրոսյանը։

Միջոցառման ավարտին շրջանավարտները հաստատեցին, որ բարձրագույն կրթության հենարանը, մտքի, զենքի, ոգու գաղափարի հիմքը հենց դպրոցն է` իր բարի ու գեղեցիկ ավանդույթներով, ուսուցիչների ընտրանիով և տնօրինության հետևողական աշխատանքով:

Բարի՜ երթ, սիրելի’ շրջանավարտներ․․․

Լուսանկարները՝ polytech.am

Հետադարձ կապ

  • Հասցե: Teryan St 105, Yerevan 0009, Armenia
  • Հեռ.: 520630
  • Email: info@phs.am

Աշակերտները մեր մասին

Սկիզբ