ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԴՊՐՈՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը շնորհակալագրեր է հանձնել «Ֆինանսական կրթությունը դպրոցում» փորձնական ծրագրում ներառված դպրոցներին և ուսուցիչներին: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարի տեղակալը նշել է, որ ծրագրի շրջանակում երեխաներին ոչ միայն տեսական, այլ նաև պրակտիկ գիտելիքներ են փոխանցվել, որոնք հնարավորություն կտան որոշակի հմտություններ և ֆինանսական գիտելիքներ ունենալով՝ հետագայում ճիշտ կողմնորոշվել, տնօրինել սեփական գումարը, ինչպես նաև խնայողություն անել: «Այս ծրագիրը ԿԳՆ-ի համար հենց այս հենքով է կարևոր, քանի որ այն օգնում է մտածողություն զարգացնել: Երեխաները դեռևս փոքր տարիքից պետք է ունենան ֆինանսական գիտելիքներ, գրագիտություն և ամենակարևորը՝ ֆինանսական իրավունքի գիտակցություն»,-նշել է Լուսինե Առաքելյանը՝ ընդգծելով, որ հանդիպման նպատակն է ապահովել հետադարձ կապ ուսուցիչների հետ, վերհանել ծրագրի ուժեղ և թույլ կողմերը, վերամշակել այն և շտկել բոլոր խնդիրները:
Հիմք ընդունելով առարկայական չափորոշիչները և ծրագրերը՝ ուսուցիչ վերապատրաստման մոդուլների համաձայն` 2017 թվականին վերապատրաստվել են 14 դպրոցների 46 առարկայական ուսուցիչներ, որոնք 2017-2018 ուսումնական տարվա ընթացքում փորձարկել են ֆինանսական կրթության բովանդակությունը` առարկաներում ինտեգրելու միջոցով: Ծրագրի փորձարկման արդյունքների հիման վրա վերջնական շտկումներ են իրականացվելու մշակված փաստաթղթերում: 2018 թվականի սեպտեմբերից նախատեսված է ծրագիրը ներդնել նաև ՀՀ բոլոր մարզերի 350 դպրոցներում՝ վերապատրաստելով ավելի քան 3000 ուսուցիչ:
«Ֆինանսական կրթությունը դպրոցում» Ծրագրի փորձակումը հաջողությամբ անցկացնելու համար ՀԱՊՀ ավագ դպրոցը պարգևատրվեց շնորհակալագրով։ Դպրոցի հասարակագիտության ուսուցչուհի Արմինե Խլոյանը ծրագրի շրջանակներում արժանացավ պատվոգրի ջանասեր աշխատանքի, ինչպես նաև նվիրվածության և սրտացավ վերաբերմունքի համար։

Հետադարձ կապ

  • Հասցե: Teryan St 105, Yerevan 0009, Armenia
  • Հեռ.: 520630
  • Email: info@phs.am

Աշակերտները մեր մասին

Սկիզբ