Ավագ դպրոցի աշակերտներ Մկրտիչ Հարությունյանը, Դավիթ Դանիելյանը և Բագրատ Խաչունցը «Խելացի քարշակ» են ստեղծել

Չէ՞ որ մենք բոլորս Տեխնոլոգիական հսկայի՝ Պոլիտեխնիկի սաներն ենք:

Պոլիտեխնիկի ավագ դպրոցի՝ Ռոբոտաշինության խմբակի աշակերտներ Մկրտիչ Հարությունյանին, Դավիթ Դանիելյանին և Բագրատ Խաչունցին արդեն ճանաչում են բոլորը՝ թե՛ ավագ դպրոցի սահմաններում, և թե նրանից դուրս: Պատճառը «Խելացի քարշակ» նախագիծն է: Սարքը վարձակալներին հնարավորություն է տալու խուսափել օդանավակայանում բեռի տեղափոխման խնդիրներից և հանգիստ վայելել թռիչքը: «Փոքրիկ գյուտարարները» դարձել են ուսուցիչների սիրելի աշակերտները. չէ՞ որ նրանք,  բացի մի ամբողջ սերունդ ներկայացնելուց, ներկայացնում են նաև կառույց, որը տալու է «խելացի արտադրանք»:

-Կհիշե՞ք այն օրը, երբ մտածեցիք նման սարք ստեղծել: Ի՞նչը նպաստեց գալ այդ մտքին:

-Սկզբում Ռոբոտաշինության խմբակում լեգոյից ռոբոտներ էինք հավաքում: Երկուսով էինք: Հետո, երբ հասկացանք, որ ինժեների պակաս ունենք, մեզ միացավ նաև Մկրտիչը:  Ուսուցիչները նկատում էին, որ մենք պատրաստվում ենք սարք ստեղծել: Գործընթացը աստիճանաբար տեղի ունեցավ: Քննարկումների արդյունքում գաղափարը զարգացնելուց հետո արդեն հասկացանք,  որ կարելի է գործի անցնել: Շարժառիթը մարդկանց օգնելն էր՝ խուսափելու տհաճ իրավիճակներից, հետագայում էլ, իհարկե, գաղափարը վերածելու բիզնես նախագծի: Մենք խնդիր էինք դրել մարդկանց գործը թեթևացնել՝ ավտոմատացված տարբերակով:

-Ինչպե՞ս եք պատրաստել, ի՞նչ մեթոդներից եք օգտվել:

-Նախատիպ չկար, փորձել ենք այլ նախագծերից օգտվել, վերցնել օրինակներ՝ իհարկե առաջարկելով մեր նախագիծը: Իսկ թե ինչպես պետք էր իդենտիֆիկացնել մեր ապագա գնորդներին, ինքնուրույն ենք նախագծել, առանց ինչ-որ նախատիպերի: Քարշակը պետք է աշխատեր շրջանցման մեթոդով, մենք բավականին երկար աշխատեցինք կոդավորման վրա:

Բացի օգտատիրոջը հետևելուց և իրերը տեղափոխելուց, քարշակը նաև այլ ֆունկցիաներ, նորարարական մտքեր ունի: Ինքնուրույն կոդավորել ենք, որ այն լիցքավորի բջջային հեռախոս, բաժակին միացված հատուկ սարքի միջոցով կարողանա կարգավորել հեղուկի ջերմաստիճանը:

-Որքա՞ն եք գնահատում ձեր արտադրանքը:

-Նախատեսում ենք, որ ամբողջական ֆիզիկական և ծրագրային արտադրանքից հետո «Խելացի քարշակը» շուկայում կվաճառվի 600-700 դոլարով:

-Ի՞նչ դժվարություններ են առաջացել պատրաստման ժամանակ:

-Առաջին մի քանի ամիսը ամենաբարդն էր, որովհետև չգիտեինք՝ ինչ նյութեր օգտագործել, ինչպես ծրագիրը գրել: Համացանցի որոնումները մեծ արդյունք տվեցին, ու ոչ միայն օգնեցին, որ այս ոլորտում զարգանանք, այլև փորձեցինք լայնացնել մեր մտահորիզոնը: Համացանցի միջոցով մենք կարողացանք ծրագրերի, ինժեներական առումով հմտանալ, օրինակ իմացանք՝  ինչպես անել, որ ավելի քիչ ծանրաբեռնվեն շարժիչները: Դժվարություններից էր նաև ռոբոտին վերջնական տեսքի բերելը, որովհետև հենց սկզբից չէինք կարողանում որոշել, թե ինչն է առաջնահերթ մեզ համար՝ ռոբոտի աշխատանքը, թե վերջնական տեսքը: Մինչև վերջնական տեսքի բերելը ունեցել ենք երեք մոդել, ընտրել ենք երրորդ տարբերակը. առաջին երկուսը խնդիրներ էին առաջացրել բեռները տեղափոխելու հարցում:

-Ովքե՞ր են եղել ձեր հովանավորները:

-Մեզ աջակցել է Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների ղեկավարությունը: Կազմակերպիչները մեզ օգնել են դժվարացող հարցերում: Մենք չէինք կարող պատրաստել մոդելներ, եթե չունենայինք նրանց անմիջական աջակցությունը:

-Ինչպե՞ս ընտրեցիք իրար որպես գործընկերներ: (Բագրատ)

-Երեքս սովորում էինք դպրոցում գործող Ռոբոտաշինության խմբակում: Մտքերով շատ նման էինք, մեր ձեռնարկած նախագծերը նմանատիպ էին: Փորձեցինք համագործակցել ու անցնել քննարկումների դաշտ: Դրանից հետո հասկացանք, որ մեկս մյուսին կարող ենք օժանդակել, թիմի պես էինք սկսում մտածել. մեկուկես տարի թիմային աշխատանքի մեջ ենք: Սա մեր համագործակցության շրջանակներում միակ նախագիծը չի լինելու, ուղղակի, կարելի է ասել՝ քարշակի նախագիծը պիլոտային էր մեզ համար, մեծամասշտաբ: Ի տարբերություն մյուս նախագծերի, որոնք այդպես էլ մնացին իբրև նախագծեր, սա բիզնես մոդել դարձավ մեզ համար:

-Ո՞վ էր ձեր առաջին «հանդիսատեսը»: (Դավիթ)

-Ռոբոտաշինության խմբակի մեր ուսուցիչը։ Տեսնելուց հետո նա դրական արձագանքեց, ասաց, որ հիանալի գաղափար է և ուղղորդեց Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ:

-Եղե՞լ է պատրաստման ժամանակ հիասթափվեք կամ դժվարանաք, ինչպե՞ս եք ինքներդ ձեզ մոտիվացրել:

– Հիասթափություններ, իհարկե, եղել են, բայց հետո մտածելով, թե ինչ գործ ենք սկսել և թե ինչ աջակցություն ունենք, հավաքվել ենք և ավելի լավ աշխատել: Մենք գնացել ենք մեր երազանքի հետևից, կարծում եմ դա լավագույն մոտիվացիան է:

Սարքի ուլտրաձայնային համակարգը լավը չէ, պետք է այն շատ ավելի լավ կարողանա տարբերակել ձայնը: Վտանգ կա, որ հնարավոր է այլ ուլտրաձայներ որսա և սխալներ լինեն: Դրա համար էլ կփորձենք սեփական WiFi-ներով կարգավորել այս խնդիրը, որպեսզի «Խելացի քարշակը» շատ ավելի հեշտությամբ կողմնորոշվի: Տեսքը նույնպես պատրաստ է , սակայն դա սարքի մանրակերտն է՝ չափերով երկու անգամ փոքր: Պետք է հովանավորություն, որպեսզի այն արտադրենք: Մի քանի պայմանական օրինակներ կստեղծենք, կտեղադրենք օդանավակայանում, կտեսնենք ինչպես է աշխատում, այնուհետև կդնենք շրջանառության մեջ: Սարքը լիովին կատարելագործելուց հետո կներկայացնենք «Դիջիթեք էքսպո»  ցուցահանդեսի:

Ասում են՝ լավագույնը ուսուցչին գերազանցած աշակերտն է: Այս արտահայտության մտորումներով էլ զրուցեցինք նաև Պոլիտեխնիկի ավագ դպրոցի տնօրենի տեղակալ Նելլի Համբարձումյանի հետ:

-Երբևէ մտածե՞լ էիք, որ հենց այս աշակերտները նման նախագծով հանդես կգային: Իրենք տարբերվու՞մ էին մնացածներից:

-Մեր դպրոցի բոլոր աշակերտներն էլ լավն են, խելացի: Ստեղծագործ մտքեր ունեն բոլորը, բայց նրանք տարբերվում են իրենց նախաձեռնողականությամբ, ստեղծարարությամբ, մտքերը կյանքի կոչելու համառ աշխատանքով:

-Որքա՞նով եք օժանդակում նման նախագծերին:

-Դպրոցը տալիս է հիմնավոր գիտելիքներ, ունի լավ մանկավարժներ, ուժեղ է աշակերտի և ուսուցչի միջև կապը: Պոլիտեխնիկի ավագ դպրոցը ուղղորդել է նրանց Ինովացիոն կենտրոն, որտեղ էլ հենց ծնվել է միտքը:

-Ինչպիսի՞ն էր ուսուցիչների ար­ձա­գանքը աշակերտների «գյուտի» հանդեպ:

-Երիտասարդ ուսուցիչներն ավելի գովեստով էին լցված, մինչդեռ մեծահասակները թերահավատորեն էին մոտենում այս նախագծի իրատեսական լինելուն: Բայց ժամանակն ամեն ինչ «դրեց իր տեղը»: Բոլոր խմբերի ուսուցիչներն էլ մեծահոգաբար են մոտենում աշակերտներին, ներում նրանց՝ զբաղվածության առումով առաջացած բացակայությունները:

Նելլի Համբարձումյանը մեր ընթերցող աշակերտներին խորհուրդ է տալիս ապագայում լինել ավելի նախաձեռնող, առաջարկել լավ մտքեր: Չէ՞ որ մենք բոլորս Տեխնոլոգիական հսկայի՝ Պոլիտեխնիկի սաներն ենք:

Նյութը՝ polytech.am

Հետադարձ կապ

  • Հասցե: Teryan St 105, Yerevan 0009, Armenia
  • Հեռ.: 520630
  • Email: info@phs.am

Աշակերտները մեր մասին

Սկիզբ